Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոլորտային կարգավորումների վերանայումն ու հստակեցումն է: Դրանք ուղղված են օրենսդրությունը «Կրթության մասին» օրենքի 2025 թվականի մայիսի 12-ի փոփոխություններին համապատասխանեցնելուն, ինչպես նաև Կառավարության «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշի ապահովմանը: Փոփոխությունների ընդունումը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի նաև գործող իրավական ակտերում առկա անհամապատասխանությունների վերացմանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից մի շարք խմբագրական փոփոխություններ են առաջարկվել: Առաջարկվում է օրենքի 31-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրմամբ, որի նպատակն է՝ դպրոցների ենթակայության փոփոխությամբ պայմանավորված, հստակեցնել տարածքային կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետի լիազորությունների շրջանակը:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են անցումային շրջանի կարգավորումների հստակեցմանը և համակարգի անխափան գործունեության ապահովմանը:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում աշխատանքային կարգով քննարկվել են ներկայացված առաջարկները: Դրանք վերաբերում են ակադեմիայի գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, անդամության և նախագահության ձևավորման սկզբունքներին, ինչպես նաև ընդունելության նոր կարգի ներդրման ժամկետներին? Հիմնական զեկուցողը փաստել է, որ Կառավարության դիրքորոշումը ներկայացված առաջարկների վերաբերյալ դրական է:
Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: