Առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ։ Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք: Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90 տոկոսը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10 տոկոսը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով:
Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի»,- պարզաբանեց նախարարը:
Ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառմանն ընդգրկված պայմանագրային զինծառայողները և քաղծառողները, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողները, զինծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները և զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները:
«Այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակշահառու հանդիսացող մարդիկ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքն այն շահառուների մասին է, որոնք 90-ականներից ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում, և այդ կերպ պետությունը ժամանակին պարտավորություն է ստանձնել նրանց նկատմամբ. «Կոպիտ ասած՝ մենք նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում և 4 փուլով»:
Սուրեն Պապիկյանը հավելեց՝ կարևոր նրբությունն այն է, որ 10 տարի բնակարանը վաճառքի ենթակա չի լինելու, իսկ բնակարանի գինը հաշվարկվելու է շուկայական միջին արժեքով: Շահառուն բնակարան կարող է ձեռք բերել ոչ միայն առաջնային և երկրորդային շուկաներից, այլև կարող է գնել բնակարան, որը կկառուցվի հետո: