Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հրապարակած զեկույցին, որտեղ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը և ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը դիտարկվել են որպես անվտանգային ռիսկ և սպառնալիք։
Ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով և միջազգային հարթակներում, բարձրաձայնել է, որ Բաքվի կողմից նման հռետորաբանությունը օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։
«Իսկապես, այդ թեմայի շուրջ շատ ենք խոսել՝ վերադարձի թեմայի հետ կապված ընդհանրապես և, մասնավորապես, Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի վերաբերյալ։ Հրապարակային, նաև միջազգային հարթակներում, Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես՝ նոր իրողություններում։ Անընդհատ այդ մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Խանդանյանը։
Պատգամավորը նկատել է, որ թեև վերջին շրջանում այդ խոսույթը որոշակիորեն մեղմվել է, սակայն ԱՀԾ զեկույցը վերաբերում է ամբողջ տարվան, ուստի այն արձանագրել է նաև նախորդ տարվա ակտիվ դրվագները՝ արձանագրելով դրանք որպես սպառնալիք։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե եթե կան նման ռիսկեր, ինչպե՞ս է իշխանությունը պնդում, որ խաղաղության դարաշրջան է բացվում, Խանդանյանը շեշտել է, որ խաղաղությունը մեկ օրվա իրադարձություն չէ, այլ երկարատև գործընթաց։
«Խաղաղությունը նաև գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ։ Դա պրոցես է, որը, այսպես ասած, շենքի պես պիտի կառուցվի՝ քար առ քար։ Այդ թվում՝ նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին և գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Խանդանյանը հստակեցրել է նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցի վերաբերյալ։ Ըստ նրա՝ այս փուլում նման հարց Հայաստանի իշխանությունները չեն քննարկում:
«Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չեն քննարկի, որովհետև դա ընդհանրապես, և հատկապես այն շեշտադրումներով, որոնցով խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, չի նպաստում խաղաղության մթնոլորտին։ Ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել։ Մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, և պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը։