Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։ Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվել է հաղորդում, կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։