Ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ: Դա, Վենետիկի հանձնաժողովի դիտարկմամբ, ազդեցություն է ունենում կամ կարող է ունենալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումների կայացման գործընթացում և ստեղծել, այսպես կոչված, կորպորատիվիզմի դրսևորումներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները՝ այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024 թվականին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակում հանձնաժողովին է ներկայացվել 583 դիմում, որոնցից 183 է հանձնաժողովը դիտարկել որպես հաղորդում, 9-ով հարուցել է կարգապահական վարույթ և 2-ով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: 2023 թվականին եւս արձանագրվել է համանման իրավիճակ. 652 դիմումից որպես հաղորդում դիտարկվել է 288-ը, 13-ով հարուցվել է վարույթ և միայն 1-ով է միջնորդություն ներկայացվել ԲԴԽ: Տիգրան Դադունցի խոսքով այս վիճակագրությունը բարելավելու, կարգապահական վարույթներ հարուցելու և բովանդակային առումով իրավիճակը վերանայելու առումով դրական ազդեցություն կունենա հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվի ավելացումը: Առաջարկվում է ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով: Այդ պարագայում հանձնաժողովը կունենա 6 դատավոր և 5 ոչ դատավոր անդամ:
Հաջորդ փոփոխությամբ կարգապահական վարույթ հարուցելիս կամ ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու հարցը լուծելիս ոչ դատավոր անդամների մասնակցությունն ավելի արդյունավետ և իրենց ձայնն ավելի որոշիչ դարձնելու համար առաջարկվում է նիստում քվորումի և նաև որոշումների կայացման հարաբերակցությունը փոփոխել: Մասնավորապես, վարույթ հարուցելու սկզբնական փուլում առաջարկվում է նախատեսել, որ որոշումը կարող է ընդունվել մեկ երրորդով, որպեսզի ոչ դատավոր անդամների ձայնն ավելի լսելի լինի, այսինքն՝ 7 անդամից 4-ով հնարավոր լինի որոշում կայացնել: Այնուհետև, երբ վարույթը հարուցվի, բոլոր հանգամանքները պարզվեն, այլ տեղեկություններ ձեռք բերվեն և արդեն ԲԴԽ դիմելու առումով որոշում կայացնելու պահը գա, արդեն ապահովվի անդամների թվի ձայների մեծամասնությամբ որոշման կայացումը:
Հաջորդ փոփոխությամբ վերանայվում են ոչ դատավոր անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջները, հստակեցվում են վարքագծի կանոնները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նախ խոսել է ոլորտում միջազգային իրավունքի նորմերից, ապա նշել, որ մեր երկրում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի մասով գործող մոդելն անարդյունավետ է, չի նպաստում դատարանների և դատական իշխանության առողջացմանը: Այդ հանգամանքն արձանագրվել է նաև միջազգային կառույցների կողմից: Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ այս հարցի առնչությամբ քննարկումները հանգեցրել են այն եզրահանգման, որ իրավաբան-գիտնականների ներկայացվածությունը հանձնաժողովում պետք է մեծացնել: Այս գաղափարը ողջունել է ԵԽԽՎ-ն, դրական եզրակացության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից: Կարևորելով նման նախաձեռնությունը՝ հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: