Համարժեք արձագանք ասելով՝ չգիտեմ, թե ինչ նկատի ունեք. մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում մեր պայմանագրային պարտավորություններին, այդ արձագանքը եղավ անմիջապես: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե 2022-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, ինչո՞ւ ՌԴ-ն գործնականում համարժեք արձագանք չտվեց՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները:
Միրզոյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ ներկայացվեց օպերատիվ զեկույց՝ կոնկրետ և պրակտիկ առաջարկություններով, այն մասին, որ պետք է ՀԱՊԿ դիտորդների առաքելություն ուղարկել՝ իրավիճակը կայունացնելու: Ըստ Լավրովի՝ աշխատանք կատարվեց նաև դիտորդների թիվը նախանշելու համար, և խմբագրվեցին առաջարկություններ, և, ի վերջո, եղավ կոնսենսուս ամբողջ տեքստի վերաբերյալ, և տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը:
«Բայց այդ իրավիճակում համաձայնեցված տեքստը տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել, կոնսենսուս չեղավ: Մենք տվեցինք մեր համաձայնությունը, և ինչ-որ ժամանակ անց՝ 2022-ի նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, և Պրահայում հայտարարվեց նաև ԼՂ պատկանելության հարցում դիրքորոշումը: Այժմ արդեն Երևանի և Բաքվի կողմից հաստատվել է, որ երկկողմ հիմունքներով է որոշվելու հարցը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ ԼՂ Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է: Դա բավականին անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին՝ թեժ մարտական գործողությունների ընթացքում, որոնք ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև, ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ միասին գիշերն անձամբ խմբագրեց հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը: Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս:
Ջենթլմենական պայմանավորվածություն կար այդ հարցում, որ ԼՂ հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման, ուստի, հավանաբար, միշտ կարելի է (չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը) քննադատություն հնչեցնել այն ժամանակ ինչ-որ մեկի ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ:
Բայց ես նշեցի՝ ինչ ենք մենք արել, իսկ իրավիճակն ավելի խոր հասկանալու համար հիշեցի, որ մեկ տասնյակ տարուց ավելի երկար տևել են բանակցությունները, որոնք Երևանի նախկին վարչակազմերի մասնակցությամբ տարվել են, և մի քանի անգամ ասվել է, որ, ահա, հասել ենք պայմանավորվածության: Բայց հետո այդ պայմանավորվածությունները փլուզվում էին:
Այո՛, կարելի է քննադատել, բայց չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում: Իսկ մենք փորձում էինք, ջանք էինք գործադրում»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ հարցին՝ նշելով, որ սա այն թեման է, որի շուրջ երկու երկրների մեկնաբանությունները տարբեր են, ապա ներկայացրեց իր ընկալումն իրադարձությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ հիշեցրեց, որ 2022-ի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաքելություն առաջարկեց, ՀՀ-ն ընդունեց, Ադրբեջանը՝ ոչ, իսկ սեպտեմբերին տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ հարձակում, և ՀՀ սահմանները խախտվեցին: ՀՀ-ն տեղյակ պահեց իր ռազմական դաշնակիցներին՝ ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, որոնց արձագանքը ՀՀ-ի համար գոհացուցիչ չէր: Դրանից հետո Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որտեղ կողմերը հաստատեցին 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով սահմանների հաստատման հարցը:
«Ինչ վերաբերում է այս հարցում ԼՂ խնդրին, ապա ՀՀ դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է ԼՂ-ի պատկանելությունը Ադրբեջանին: ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը: ՀՀ-ն, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ցանկանում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասաց Միրզոյանը: