Համակարգում աշխատող բոլոր դատավորները, դատախազները, քննիչներն ու քրեակատարողական համակարգի աշխատակիցները բարեվարքության ստուգում կանցնեն: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքն արդեն ամրագրված է դատաիրավական բարեփոխումների 2022-26 թվականների ռազմավարությամբ: Հուլիսի վերջին հաստատված փաստաթղթի այս կետը դեռ կյանքի չի կոչվել, բայց այն հեղինակած կառույցում վստահ են՝ սա գործուն քայլ է լինելու, քանի որ ոլորտը ռիսկայիններից է:
Քրիստինե Գաբուզյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ) - Առկա մեխանիզմները բավարար չեն նաև պաշտոնավարման ընթացքում բարեվարքության էդ ամբողջականությունը պահպանելու տեսանկյունից, և կարևոր է այդ համապատասխան ստուգումներն իրականացնել որոշակի պարբերականությամբ, որոշակի ռիսկային գործոնների հիման վրա, այսինքն՝ որ համակարգ մուտք գործելով՝ քննիչները, դատավորներն ու դատախազները ոչ թե թուլանան, այլ միշտ զգոն լինեն և պատրաստ լինեն համապատասխան ռիսկային գործոնների առկայության դեպքում նորից ենթարկվել այդ ստուգմանը:
Ստուգման մեխանիզմը կմշակեն, դրանցից բխող օրենսդրական փոփոխություններն էլ կկատարվեն գալիք տարի՝ մանրամասնում է Գաբուզյանը, վստահեցնում՝ բարեփոխումները չեն ուշանում: Գործադիրից եկած նախաձեռնությունը կարևորում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Կառույցի մասնագետը նկատում է՝ դաշտը բաց էր, քանի որ գործող կարգով՝ իրենք լիազորված են ստուգել միայն համակարգ նոր մտնող, նաև պաշտոնի բարձրացման ձգտող դատավոր-դատախազների բարեվարքության աստիճանը:
2020-ից մինչև օրս հանձնաժողովը ոլորտին առնչվող 576 եզրակացություն է տվել: 161-ը համակարգ նոր մտնող դատավորների մասին է եղել, 106-ը՝ գործող, բայց մասնագիտական աճի համար դիմածների: 129 եզրակացություն էլ ապագա դատախազների մասին է տրվել, 66-ն էլ՝ առաջխաղացման ձգտող դատախազների: Մնացած 114-ը, ըստ Մարիաննա Բաղինյանի, Բարձր դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է վերաբերել:
Մարիաննա Բաղինյան (ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ) - Գերակշռում է, որ դրական եզրակացություն ստացող անձինք են նշանակվում համապատասխան պաշտոններին, բայց նաև ունենք որոշակի դեպքեր, որ այդ թվում բացասական եզրակացություն ստացած անձինք են նշանակվել համապատասխան պաշտոններին, գերակշռողը եղել է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացություններով, այո՛, դատավորների թեկնածուներ:
Հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չէ, խորհրդատվական բնույթ է կրում՝ բացատրում է մասնագետը, ասում՝ կառույցի գործունեության երկու տարվա փորձը հաշվի առելով՝ վերջերս առաջարկել են փոխել օրենքը, հրապարակային դարձնել բարեվարքության ստուգման եզրակացության եզրափակիչ հատվածը: Սա, հանձնաժողովի համոզմամբ՝ կնպաստի, որ համակարգում չհայտնվեն, առավել ևս՝ պաշտոնի բարձրացում չստանան վստահություն չներշնչող կենսագրությամբ անձինք:
Մարիաննա Բաղինյան - Էն բոլոր դեպքերում, երբ բացասական եզրակացություն ստացած անձինք կնշանակվեն համապատասխան պաշտոններին, արդեն թեկնածուներին համապատասխան պաշտոններին նշանակող մարմինները ստիպված կլինեն պատճառաբանված որոշում կայացնելու:
Բարեվարքությունը ստուգելիս ուսումնասիրում են՝ ով է թեկնածուն, ովքեր են նրա ընտանիքի անդամները, ինչ գույք ունեն, աշխատանքային ինչ գործունեություն են ծավալում, կարգապահական, վարչական, քրեական պատասխանատվության դեպքերը, քրեական ենթամշակույթի հետ ունեցած կապերը ու ոչ միայն: Թե ինչ սկզբունք կմշակվի համակարգում արդեն աշխատողների համար՝ Քրիստինե Գաբուզյան առայժմ դժվարանում է նշել:
Քրիստինե Գաբուզյան - Միգուցե կնախատեսվեն որոշակի հաղորդումների հիման վրա, կամ միգուցե ինչ-որ ռիսկային գործոնների ազդեցության տակ նման ստուգումներ կամ պարզապես որոշակի պարբերականությամբ...
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ ասում են՝ պատրաստ են նոր ծավալին, բայց եղած ռեսուրսը պետք է ավելացնել, նոր կադրերով համալրել աշխատակազմը, սպասվող փոփոխությունը մեծ աշխատանք է պահանջում: