Արձանագրության նպատակն է համաձայնագրի դրույթների կիրառումը տարածել «Էքսպերտիզ Ֆրանսի» նկատմամբ՝ որպես Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի անդամ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մայիսի 6-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ու Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ակնկալվում է, որ արձանագրության վավերացումը թույլ կտա Զարգացման ֆրանսիական գործակալության խմբին ընդլայնել ֆինանսական և տեխնիկական օժանդակության ծավալները՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: