Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն օրերս մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկել ելույթով՝ անդրադառնալով երկրում իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին, ինչպես նաև պետություն–բիզնես համագործակցության զարգացման ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ մրցունակ, թափանցիկ և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորումը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային հիմքերից մեկը, և ընթացիկ բարեփոխումները միտված են հենց այս նպատակին՝ ապահովելով ավելի արդյունավետ և արդիական վարչարարություն Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը ներկայում ապրում է համակարգային վերափոխումների փուլ՝ ինչպես պետություն–հարկ վճարող հարաբերություններում, այնպես էլ տնտեսական մտածողության մեջ։ Այս գործընթացում Պետական եկամուտների կոմիտեն հանդես է գալիս որպես կամուրջ պետության և բիզնեսի միջև՝ առաջնորդվելով հստակ տեսլականով և առաքելությամբ։
«Վերջին տարիներին հարկ վճարողների հետ ձևավորվել է համագործակցության նոր մշակույթ՝ հիմնված բաց երկխոսության և փոխվստահության վրա։ Արդյունքում՝ այս տարի ևս պահպանում ենք հարկային եկամուտների երկնիշ աճի տեմպը, ինչն առաջին հերթին մեր հարկ վճարողների պատասխանատու վարքագծի և համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ասել է ՊԵԿ նախագահը։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է միջազգային հարկային գործիքների կիրառման ընդլայնումը, որը նպաստում է առավել կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորմանը միջազգային գործունեություն ծավալող բիզնեսների համար։ Ըստ Էդուարդ Հակոբյանի, գնահատելի է ԱՄՆ կառավարության աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում տեղայնացնել առաջատար փորձն ու նորարար լուծումները հարկային և մաքսային համակարգերում։
Ելույթի ավարտին ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ հարկերի վճարման նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցմամբ հնարավոր կլինի ամրապնդել պետություն–բիզնես կապը և ձևավորել ավելի մրցունակ տնտեսություն Հայաստանում։