Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, որին ուղեկցում էին «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը: Այդ մասին հայտնում են ՀԷՑ-ից:
«Հանդիպմանը մասնակցել են նաև «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը:
«Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա»-ն ֆրանսիական Schneider Electric ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումն է, որը գործում է Ռումինիայում և ընդգրկում նաև Մոլդովայի ու Հայաստանի շուկաները։
Schneider Electric-ը համաշխարհային առաջատար է էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում և միտված է արդյունավետ ու կայուն զարգացման խթանմանը՝ էլեկտրիֆիկացման, ավտոմատացման և թվայնացման միջոցով։ Ընկերության լուծումները նպաստում են ենթակառուցվածքների, բիզնեսների և էներգետիկ համակարգերի արդյունավետության և դիմակայունության բարձրացմանը։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։
Կարևորվել է նաև էլեկտրիֆիկացման, ավտոմատացման և թվայնացման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել պետական և մասնավոր գործընկերների հետ շարունակել աշխատանքային քննարկումները՝ ակտիվ փոխգործակցության շրջանակում ներկայացնելով էներգետիկ համակարգերի արդիականացմանն ուղղված նոր առաջարկներ։
Ընդգծվել է էներգետիկ համակարգերի արդիականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ նոր նախաձեռնությունների մշակման և ներկայացման կարևորությունը՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետության ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։