Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված սերտ ծրագրային համագործակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների առաջմղման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, էներգետիկայի, կլիմայի և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այս տարի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՄԱԶԾ հետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ ներգրավվածությունը կլիմային, կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրին առնչվող հարցերում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի: Քննարկումների առանցքում է եղել նաև «ՄԱԿ80» բարեփոխումները և ՄԱԿ-ի շրջանակներում ընթացող այլ զարգացումներ: