«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել եմ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարի՝ առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու զարգացման առաջնահերթությունները՝ հատուկ շեշտադրելով միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Մտքեր ենք փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ անդրադառնալով պետական քաղաքականությունների ձևավորման և ռազմավարական ծրագրերի համադրման հնարավորություններին։
Քննարկման թեմաներից էր «խելացի քաղաքների» զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։ Օմրան Շարաֆը ներկայացրել է ԱՄԷ-ում կիրառվող մոտեցումները՝ նշելով, որ սմարթ լուծումների ներդրումն իրականացվում է թե՛ դաշնային, թե՛ տեղական կառավարման մակարդակներում՝ պայմանավորված տվյալ քաղաքների զարգացման կարողություններով։
Անդրադարձ է կատարվել նաև թվային ենթակառուցվածքների, մասնավորապես, ԱԲ տվյալային կենտրոնների զարգացմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների, ներառյալ՝ ինքնավար համակարգերի և առաջադեմ թվային լուծումների լայն կիրառումը»,- գրել է նախարարը։