Ազգային ժողովը մայիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում հիմնականում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ: Բովանդակային մեկ լրացում է կատարվել, որը վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածին և կոչված է հստակեցնելու մեկ լիազոր մարմին ունենալու դրույթը:
Փաթեթով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն կընձեռվի՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովելու 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես, գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը՝ այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի որոշ դրույթներ լրամշակվել են, առաջարկները ներկայացրել են պատգամավորները:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: