Պայթուցիկ ու հրագործական նյութերի ներկրման, արտադրության և շահագործման ընթացակարգում խստացումներ են նախատեսվում: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ: Ոլորտում ծառայությունների մատուցումը կբերվի լիցենզավորման դաշտ:
Տիգրան Բիշարյան (ՀՀ ԱԻՆ օրենսդրության բաժնի պետ) - Պետությունը հստակ կրիտերիաներ է սահմանում. ով կբավարարի այդ կրիտերիաներին, միայն այդ պայմանների առկայության դեպքում նրան կտրվի համապատասխան լիցենզիա, և նա կզբաղվի այդ գործունեության տեսակով:
Գործող օրենսդրությամբ՝ հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրը իրականացվում են պարզ ընթացակարգով՝ միայն պետտուրքի վճարմամբ ու գործունեության մասին ծանուցմամբ: Նախարարությունում նշում են՝ գործ ունենք մարդկանց անվտանգության հետ, «Սուրմալուի» պայթյունը ցույց տվեց՝ ներկա կարգավորումներն իրենց չեն արդարացնում:
Տիգրան Բիշարյան - Պահանջներն ենք մեծացնում, բնականաբար, հետագայում որպեսզի բացառենք այս կարգի դեպքերը, որ տեղի ունեցավ, տեսանք, որ վերահսկողական թույլ մեխանիզմի արդյունք էր սա:
Լիցենզավորման չափանիշները կհստակեցվեն շահագրգիռ կողմերի հետ քննարկումից և միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո: Տիգրան Բիշարյանը նշում է՝ այժմ այդ գործունեությամբ զբաղվողներից հնարավոր է ոչ բոլորը ստանան լիցենզիա, հնարավոր են նաև ընդվզումներ ու բողոքներ, սակայն մարդկանց կյանքն ու անվտանգությունը պետք է վեր դասել:
Տիգրան Բիշարյան - Ով համապատասխան պահեստավորում ունի, ով ներկրման չափորոշիչներին համապատասխանում է, կամ պետք է հստակեցվի նաև՝ ով է շահագործողը, պետք է կարգերով նաև տրվի շահագործողի հասկացությունը այդ պայթյունավտանգ հրագործական նյութերն օգտագործելու մասով: Բնականաբար, ամեն մեկին չէ, որ այդ հնարավորությունը պետք է տանք, բնական է, որ դրանք պետք է լինեն մասնագիտական կազմակերպություններ, որոնք կկարողանան այդ գործունեությամբ զբաղվել:
Օրենքի նախագիծը ներկայացված է հանրային քննարկման, այն ամբողջացնելու համար ԱԻՆ-ում սպասում են գործընկեր գերատեսչությունների կարծիքներին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան