Աբովյանի թիվ 10 դպրոցի աշակերտները միակը չեն, որոնց դպրոցից տուն ճանապարհն ավելի ապահով դարձնելու համար ճանապարհային ոստիկանությունը հսկողություն է իրականացնում:
Էդգար Պետրոսյան (Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ) - Ոստիկանությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է պլանավորած միջոցառումներ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս տարի ևս մեկամսյակ է հայտարարված` «Զգուշացե՛ք, երեխաները» խորագրով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում դպրոցների հարակից տարածքներում:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը ապահովելու համար ՃՈ-ն մեկ ամիս ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Ծառայությունը սկսում են առավոտյան ութից և շարունակում մինչև դասի ավարտը:
Արմեն Մինասյան (Համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ) - Ծառայությունը իրականացնում ենք հիմնականում նշված հատվածում, որպեսզի երեխաներն անցնեն հետիոտնով, գան իրենց դպրոցը: Ներսում էլ է իրականացվում, իհարկե, ներսի անվտանգություն և դրսի, որպեսզի ոչ մի միջադեպ չլինի:
Ուժեղացված ծառայությունը ներառում է նաև «Օրինապահ հետիոտն» միջոցառումը, որի նպատակն է ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը՝ ոստիկանների և մանկավարժների գործակցությամբ:
Անահիտ Ստեփանյան (Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցի տնօրեն) - Նմանատիպ միջոցառումները շատ կարևորում ենք, որովհետև դպրոցում սովորում են շուրջ 242 աշակերտներ, և նրանց անվտանգությունը բոլորիս գործն է: Եվ բացի այն, որ նրանք ուսումնասիրում են, կանոններին ծանոթանում են, սա մեկ անգամ ևս հնարավորություն է, որպեսզի մեր սովորողները իրենց հարցերով ուղղակի դիմեն ոստիկաններին:
Միջոցառումներն իրականացվում են բոլոր մարզերում և Երևանում:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան