Սահմանադրական դատարանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերի քննարկումը: Բարձր դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները:
Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ: Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:
Դատավարությանը որպես երրորդ անձ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով հանդես են գալու Դատախազության, Ներքին գործերի նախարարության և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները: Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն է, միավորված գործի դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: