«Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենայից չերևացող փոսերը, վնասված ու ճաքճքած ասֆալտը ջերմաստիճանի կտրուկ նվազումից լուրջ խնդիր են դառնում»,- ասում են մասնագետները:
Հենց դրա համար էլ ճանապարհի առաջին գոտիներն ամբողջությամբ նորոգվում են: Տեղ-տեղ փոսային նորոգումն այստեղ խնդրի լուծում չէր:
«Երթևեկելիս ցանցաձև ճաքերը նկատելի չեն վարորդին: Այս ճանապարհը կառուցումից հետո չի հիմնանորոգվել: Ցուրտ եղանակին ասֆալտը միանգամից ուռչում է և պայթում: Հնարավոր է նաև ջուրն անցնի տակը, և այդ դեպքում արդեն հիմքից պետք է փոխվի ամենը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
2022 թ. Երևանում կնորոգվի 342.496 քմ ճանապարհահատված, որից շուրջ 298 հազար քմ-ը հիմնանորոգման ծրագրով է արվելու, փոսային նորոգումների ծավալը 24 հազար քմ է: Աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն կատարվել է՝ փողոցներ, մայթեր ու բակեր:
Բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար կենտրոնական փողոցներում ճանապարհաշինարարները գործի են անցնում գիշերն ու լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած է, ու երթևեկությունն էլ՝ քիչ:
Աշխատանքներն իրականացվում են 2 փուլով: Նախ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը: Հետո արդեն տարածքը մաքրվում, մշակվում ու պատրաստվում է ասֆալտապատման: Այս ամենի համար քաղաքապետարանը շինարարին հիմնականում մեկ օր է տալիս:
Նորոգված ճանապարհները հաջորդ տարի կրկին չնորոգելու համար էլ հիմա տեղում խստորեն վերահսկվում է աշխատանքը, առաջնահերթորեն՝ ասֆալտի հաստությունն ու որակը:
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև շինհրապարակների ձևավորմանը: Տեղում աշխատանքներին ներգրավվում են նաև ՃՈ պարեկային խմբերը:
Ճանապարհների նորոգման այս տարվա ծրագրում են նաև հողային պաստառով մի շարք փողոցներ: Մասնավոր տներով կառուցապատված ծայրամասային թաղամասերում կառուցման օրից առաջին անգամ փողոցները կնորոգվեն ու կասֆալտապատվեն:
Ճանապարհների նորոգումը քաղաքային կարևոր ծրագրերից է, որի նպատակը վարորդների ու հետիոտնի անվտանգ ու հարմարավետ երթևեկն ապահովելն է: