ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։
Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվում են նոր կարգավորումներ
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը առցանց խաղային գործունեության ոլորտում և բարձրացնել գործող կարգավորումների արդյունավետությունը։ Վերջին տարիներին խաղային ծառայությունների շուկան զգալիորեն տեղափոխվել է առցանց միջավայր, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հասանելի են դարձել նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային ծառայություններ։ Դրանք գործում են Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս, սակայն համացանցի միջոցով հասանելի են տեղական օգտատերերին։ Չնայած գործող կարգավորումները նախատեսում են լիցենզավորման, գովազդի սահմանափակման և վերահսկողության մեխանիզմներ, սակայն գործնականում չեն ապահովում դրանց ամբողջական կիրառելիությունը առցանց միջավայրում։ Մասնավորապես, չկան բավարար արդյունավետ գործիքներ՝ չլիցենզավորված կայքերի հասանելիությունը սահմանափակելու, դրանց գովազդը կանխելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։
Նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ՝ ուղղված կարգավորման առկա բաացերի վերացմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է բարելավել չլիցենզավորված կայքերի արգելափակման մեխանիզմը, սահմանափակել դրանց գովազդը, ուժեղացնել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը և ապահովել նման կայքերի հասանելիության սահմանափակում հեռահաղորդակցության օպերատորների միջոցով, ինչպես նաև սահմանափակել խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից։
Փոփոխությունները նպատակ ունեն ապահովել լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությունը, հավասար մրցակցային պայմանները և պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն առցանց միջավայրում։
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփուխություններն ուղղված են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի կատարելագործմանը և դրա համապատասխանեցմանը ՏՀԶԿ-ի միջազգային ստանդարտներին ու առաջատար փորձին։
Հստակեցվում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն ու ընթացակարգերը։ Ֆինանսական հաստատությունների կողմից ստանդարտի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն այսուհետ կիրականացնի հարկային մարմինը՝ հաշվի առնելով, որ տեղեկությունների հավաքագրումն ու փոխանակումը կատարվում են բացառապես հարկային նպատակներով։
Նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձինք ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ, թերի կամ ոչ ամբողջական տեղեկություններ կամ չեն ներկայացնում օրենքով պահանջվող տվյալները։ Օրենքով վերանայվում է նաև հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 10-ի փոխարեն սահմանվելով մինչև հունիսի 30-ը։
Միաժամանակ, հստակեցվում են ֆինանսական հաշիվներին վերաբերող փաստաթղթերի և տվյալների պահպանման ու հաշվառման պահանջները։
Ընդունված փոփոխությունները կնպաստեն տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի առավել արդյունավետ և միասնական կիրառմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։