Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցը արդյոք կազդի՞ թանգարանի գործունեության վրա: Լրագրողի հարցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին: Հարություն Մարությանը նման մտավախություն չունի:
Հարություն Մարության (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն) - Ես որ չեմ տեսնում ճնշումներ, թե` եկեք մոռանանք, չբարդացնենք, նման բան չկա, գոյություն չունի: Քաղաքագիտական հանրությունը շատ բան կարող է ասել, նրանք իրենց գործն են անում, ես որպես թանգարանի տնօրեն եմ ասում` որևիցե նշույլ չկա այդ մոտեցման փոփոխության: Հակառակը՝ Գիտության կոմիտեն 2 տարի է` խոշոր ծրագրեր է հաստատում: Մենք ստացանք հավանություն սփյուռքի գրասենյակից ու ԿԳՄՍՆ-ից:
Արդյոք Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքները չե՞ն դժգոհում: Մարությանը պատմեց, որ շփվում են տասնյակ այդպիսի ընտանիքների հետ: Նրանք քաղաքական որևէ հարց չեն բարձրացրել: Անդրադառնալով ինստիտուտի աշխատանքին` Մարությանը նշեց` միջոցառումներ են նախատեսվում ոչ միայն ապրիլի 24-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում:
Նախորդ տարի, օրինակ՝ թանգարանի աշխատակիցներն անցել են ատեստացիա, ձեռք են բերել նոր գործընկերներ, մասնակցել են միջազգային գիտաժողովների: Թե ինչպես է Ցեղասպանության թեման դասավանդվում աշխարհում՝ չափազանց կարևոր է, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է ընդգծում ու հավելում՝ այդ նպատակով իր տեսակով եզակի միջազգային գիտաժողով են կազմակերպում ապրիլի 20-22-ը՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում»:
Ներկայացուցիչներ են լինելու ԱՄՆ-ից, Կամբոջայից, Ռուանդայից, Իսպանիայից, Լիբանանից, Իսրայելից: Ապրիլի 20-ին կբացվի նաև նոր ցուցադրություն՝ «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը»:
«Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյակ կայսրությունում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Դա կրթական համակարգն է, որ չունենալով պետականություն, կարողացել են պահել կրթությունը»: Իսկ ապրիլի 23-ին թանգարան-ինստիտուտի Ժան Սեմի ցուցասրահում «Անապատը՝ մահվան քայլերթ» խորագրով ֆրանսահայ նկարիչ Ժան-Պիեռ Սեֆերյանի փորագրանկարների, գրաֆիկական նկարների ցուցահանդեսն է բացվելու:
Ապրիլի 24-ին տարբեր երկրների պատվիրակություններ են այցելելու, ապրիլքսանչորսյան միջոցառումները կշարունակվեն մինչև ամսվա վերջ: Զուգահեռ գիտական ուղղությամբ են մեծածավալ աշխատանք տանում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի պայմանագիր է կնքել Ռումինիայի Էլի Վիզել կենտրոնի հետ, պայմանագիր է կնքվել նաև Փարիզի Շոայի թանգարանի հետ: Թանգարանի ֆոնդը հիմա համալրվում է նվիրատվությունների միջոցով: 2021-ին ստացվել 1423 առարկա: Նվիրատվությունները կատարել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան