Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը: Այդ մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Հայկ Բալայանի Ֆեյսբուքի էջից:
Զորի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է Բալթյան նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։
1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան), եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահը։
Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։
ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։