Առատ ձյունն այդպես էլ չլցրեց ջրամբարները, իսկ գարնան` շատերին հիացրած ձյունը Հայաստանում ջրամբարների թերլցման պատճառներից դարձավ: Հայաստանի 5 խոշոր ռազմավարական նշանակության ջրամբարներում՝ Ախուրյանում, Արփի լճում, Ապարանում, Ազատում, Մարմարիկում, անցած տարվա նույն օրերի համեմատությամբ մոտ 5 մլն խորանարդ մետրով պակաս ջուր է ամբարված:
Լևոն Ազիզյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն) - Ապրիլի 19-ի դրությամբ 5 խոշոր ջրամբարների գումարային ջրառը 21 թվականի համեմատ դեռևս 48.1 մլն-ով ցածր է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլ ամսվա ջերմաստիճանն այս տարի ավելի ցածր է, քան անցած տարի, և ձնհալքի ինտենսիվությունն այս տարի ցածր է, և դեռևս լեռնային շրջաններում ունենում ենք բացասական ջերմաստիճաններ, ու ինտենսիվ ձնհալք տեղի չի ունենում:
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մարտի երրորդ տասնօրյակին հրապարակեց գետերի գարնանային վարարումների կանխատեսումները, ըստ որոնց` Ազատի և Մարմարիկի ջրամբարներում կանխատեսվել էր 100 տոկոս ջրալցվածություն, Ախուրյանում՝ 70-75 տոկոս, Ապարանում՝ 65-70 տոկոս, Արփի լճում ՝ 75-80 տոկոս ջրալցվածություն: Այսօր էլ կանխատեսման մոդելները որոշակի հույս են տալիս, բայց...
Լևոն Ազիզյան - Եթե այդ անձրևները չլինեն, ապա միգուցե անհրաժեշտություն առաջանա կանխատեսումների ճշգրտման, դա պարզ կլինի մայիսի առաջին տասնօրյակին:
Պետք է տեղումներ լինեն, ջերմաստիճանը չնվազի, որպեսզի ձնհալքի արդյունքում առաջացած ջուրը լցվի ջրամբար, հակառակ դեպքում ձնհալքն աստիճանաբար է լինում, իսկ ջուրը ներծծվում է հողի մեջ՝ մակերևութային հոսք չառաջացնելով, բացատրեց Ազիզյանը:
Լևոն Ազիզյան - Ունեցել ենք տարիներ, երբ քիչ ձնածածկույթ է լինում, բայց ապրիլ-մայիս ամիսներին այսպիսի տեղումներ են լինում, որոնք այդ քիչ ձնածածկույթը ինտենսիվ հալեցնում են, ու ջրամբարներում զգալի ջրակուտակում է լինում, և ունեցել ենք տարիներ, երբ բավականին շատ ձնածածկույթ ենք ունեցել, բայց ապրիլ-մայիս ամիսներին տեղումներ չեն եղել:
Մարտը բավական տեղումնառատ էր հանրապետության տարածքում, առանձին շրջաններում նույնիսկ ռեկորդային քանակի ձյուն տեղաց, բայց ապրիլին, ինչպես կանխատեսվել էր, տեղումների քանակը նորմայից պակաս էր, ներկայացրեց Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Այս պահին հանրապետությունում թափվել է նորմայի 30-50 տոկոսը, առաջիկա օրերին էլ լուրջ տեղումներ չեն կախատեսվում:
Միևնույն ժամանակ Սուրենյանը հուսադրեց՝ ապրիլի երրորդ տասնօրյակում՝ 23-24-ից հետո, նախնական գնահատմամբ՝ ունենալու ենք Միջերկրական ծովից ցիկլոնների ներթափանցում, ինչի հետևանքով հանրապետությունում պարբերաբար տեղումներ կլինեն, որը կարող է գետերում ջրերի ելքերի քանակն ավելացնել:
Գագիկ Սուրենյան - Այս պահին էլ ցուրտ ներխուժում չունենք, այսինքն՝ ջերմաստիճանը 5-7 աստիճանով բարձրացել է, ու առաջիկա 10-15 օրերի ընթացքում ցուրտ ներխուժում չենք ունենալու, բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, ձնհալ կա, բայց այս պահին անձրևներ չկան, ու հալքի պրոցեսն արագ չի կատարվում:
Հայաստանում ջրամբարների թերլցվածության խնդիրը վերջին տասնամյակում արդիական է: Լևոն Ազիզյանի խոսքով՝ 2011 թվականից սկսած Հայաստանում իրար հաջորդում են ավելի ու ավելի ջրասակավ տարիներ: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ՝ մասնագետներն այս պահին չեն նշում՝ նկատելով, որ կլիման բավական նյարդային է, ու դժվար է ասել, թե ամիսներ անց ինչ պատկեր կլինի:
Հեղինակ` Անի Օհանյան