Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ոլորտային ծրագրերի իրականացման համար 2022 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 226 միլիարդ 343 միլիոն դրամ: Դա 2021 թվականի համեմատ ավելի է շուրջ 48 միլիարդ 700 միլիոն դրամով կամ 27.5 տոկոսով:
«Սա ծախսերի աննախադեպ աճ է»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փաստեց նախարար Վահրամ Դումանյանը և ըստ ոլորտների ներկայացրեց հատկացվող միջոցների աճը: Բացառություն են երիտասարդական ծրագրերը, որոնց համար հատկացումների էական փոփոխություններ չեն եղել:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կրթությունը շարունակում է մնալ կառավարության գերակայությունների շարքում: Կրթության ոլորտին հատկացվում է միջոցների մեծ մասը՝ շուրջ 175 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատ դա ավելի է 23.3 տոկոսով:
Գիտության ոլորտի ծրագրերի համար հատկացվող գումարի աճը կազմում է շուրջ 85 տոկոս: Միայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի գծով 2022 թվականին նախատեսվել է մոտ 22.5 միլիարդ դրամ: 65.6 տոկոսով ավելի, քան 2021 թվականին է եղել:
Մշակույթի ոլորտի համար գալիք տարվա բյուջեի նախագծով հատկացվել է 16.5 միլիարդ դրամ: 2021 թվականի հատկացումների համեմատ դա ավելի է 7.4 տոկոսով: Սպորտի ոլորտի ծախսերը հաջորդ տարի կկրկնապատկվեն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ասաց՝ ուրախացել է, երբ բյուջեի երեք առաջնահերթությունների մեջ կրթության և գիտության արդիականացումն է տեսել, բայց հաջորդ վայրկյանին տխրել է, երբ կրթության կողքին չի տեսել մշակույթը՝ որպես նույնպիսի առաջնահերթություն: Նա նշեց, որ կրթությունն ու մշակույթը ձեռք ձեռքի էին հաջողելու մեր իրականություն բերել որակական փոփոխություններ: Նախարար Վահրամ Դումանյանը չհամաձայնեց, թե մշակույթն ստվերվում է:
Վահրամ Դումանյան - Նման բան գոյություն չունի, ես ձեզ վստահեցնում եմ: Գոյություն չունի մի պարզ, բայց շատ կարևոր պատճառով, ինչն սկզբունքային է: Շատ ձևական է, երբ մենք անջատում ենք կրթությունը մշակույթից: Դրա վառ ապացույցը ԿԳՄՍՆ-ի գոյությունն է:
Նախարարն արդեն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ոլորտի վերաբերյալ այլ հարցերի, որոնք չէին առնչվում բյուջեի նախագծին: Լրագրողներն ընդգծեցին, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այն դեպքում, երբ ժամանակին Սերժ Սարգսյանը քննադատվում էր այդ նույն կարգավիճակում լինելու համար: Ի՞նչ տարբերություն՝ Սուրեն Պապիկյանը, թե՞ Սերժ Սարգսյանը՝ հարցրին նախարարին:
Վահրամ Դումանյան - Այնքան պարզունակ են այս ամենը ներկայացնում, որ ուզում են հանրության մոտ կարծիք ստեղծել, որ տեսեք՝ ինչ պրիմիտիվ, պարզունակ բան էր. ա՛յ, ինչ քննադատում էին, հիմա իրենք են անում: Այդպես չէ, հարգելինե՛րս:
Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովը վերջերս ընդունել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որտեղ հստակ գրված է՝ բուհերի հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք: Այդ օրենքի որոշ դրույթներ, սակայն, Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը հակասող: Օրենքը, այդպիսով, չկիրառվեց: Հիմա շրջանառության մեջ է դրվել հակասահմանադրական ճանաչված դրույթների խմբագրված տարբերակը:
«Այդ օրենքը եթե լիներ, քաղաքական դեմքեր դուք չէիք տեսնի»,- վստահեցրեց նախարարը: Իսկ մինչ նոր օրենքը վերջնական տեսքի կբերվի ու գործողության մեջ կմտնի, բուհերի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է նախկին կարգով, ըստ որի խորհրդի անդամների համամասնությունը հետևյալն է՝ 25-ական տոկոս պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողությունից, կառավարության և նախարարության ներկայացուցիչներից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան