Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայում (EAZA) կենդանաբանական այգու խորհրդատու Յոսեֆինա Կոկին, ով նաև հանդիսանում է Եվրոպայում գորշ արջերի պահպանման ծրագրի ղեկավար և համակարգող։
«Այցի շրջանակում իրականացվել են աշխատանքային հանդիպումներ այգու մասնագիտական թիմի հետ, քննարկվել են գորշ արջերի պահման պայմանները, բարեկեցության ապահովման չափորոշիչները, գենետիկական կառավարման և միջազգային համագործակցության հնարավորությունները։
Այգին ներկայում ակտիվ նախապատրաստական փուլում է և մոտ ապագայում նախատեսում է միանալ Եվրոպայում գորշ արջերի պահպանման ծրագրին (EEP), ինչը կարևոր քայլ է լինելու ինչպես կենդանիների պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից»,- ասվում է կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ։