ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսումը Հայաստանի առաջնահերթությունն է՝ Ազգային ժողովում արտգործնախարարության 2022 թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց փոխնախարար Վահե Գևորգյանը:
Վահե Գևորգյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-24-ը Նյու Յորքում ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպումներն էին, որին հետևեց համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում վերահաստատեցին, որ իրենք գործում են մանդատի շրջանակում, որի հիմքում ԼՂ հակամարտության կարգավորումն է. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ, և, կարծում եմ, մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն՝ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Այս համատեքստում, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, փոխնախարարը հավելեց՝ այն ցույց տվեց, որ արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո: Հարցուպատասխանի փուլում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նախ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քննարկմանը ներկա չէ նախարար Արարատ Միրզոյանը, ապա հարց ուղղեց «3+3» ձևաչափից:
Աննա Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ռուսաստանը, Թուրքիան բազմաթիվ իրենց բանակցություններում խոսում են այս ֆորմատի մասին, և ես ուզում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված մեր այսչափ կրավորական կեցվածքը»:
Վահե Գևորգյան - Նախարարն այստեղ չէ զուտ տեխնիկական պատճառներով: Կան տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերի մի շարք առաջարկներ, և «3+3»-ը դրանցից ընդամենը մեկն է: Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ՝ առանց կանխակալ լավ և վատ վերաբերմունք ունենալու որևէ առաջարկի նկատմամբ: Մեզ համար առաջնայինը ՀՀ պետական շահն է՝ վտանգներն ու ռիսկերը հաշվի առնելով: Այս պահի ընդհանրական մոտեցումն այն է, որ տարածաշրջանային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ֆորմատները, որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության: Դեռևս որևէ որոշման մասին դեռ վաղ է խոսել:
Փոխնախարարն անդրադարձավ նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում արձանագրված՝ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին:
Վահե Գևորգյան - Գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին:
ԵՄ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ
Օրակարգի երկրորդ հատվածում Վահե Գևորգյանը ներկայացրեց Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների զարգացման ընթացքը: Նախ կարևոր համարեց այս տարվա մարտի 1-ից Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ապա խոսեց տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության մոտեցման մասին:
Վահե Գևորգյան - Եվրամիության մոտ խիստ ընդգծվում է ներկայումս տարածաշրջանային մոտեցումն ընդհանուր Հարավային Կովկասի հանդեպ: Այս տեսակետից ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկեց՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրի հետ:
Արտգործնախարարության մշտական ուշադրության կենտրոնում է նաև Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման երկխոսությունը:
Վահե Գևորգյան - Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ ԵՄ-ի տարբեր երկրների հետ, իհարկե, այս գործընթացներում քովիդը չի նպաստում այս մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, մենք նույնպես տնային աշխատանք ունենք անելու՝ առավաելագույնս շուտ ժամկետում մեկնարկն ապահովելու համար:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԾՐԱԳՐԵՐ ԵՄ-Ի ՀԵՏ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց՝ Եվրոպական Միության և Հայաստանի կառավարության միջև նախատեսվում են ֆինանսական գործակցության մեծածավալ ծրագրեր:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Դա 2.6 միլիարդ եվրոյի ընդհանուր ֆինանսավորման ծավալ է ներկայացնելու՝ մի մասով ուղիղ մասնավոր հատվածի ծրագրերի ֆինանսավորման նպատակին ուղղված, մի մասով՝ պետական բյուջեի միջոցով կառավարության ծրագրերին աջակցելու նպատակ ունեցող:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ հարաբերությունների ընթացքը ներկայացրեց արտաքին քաղաքական գերատեսչության մյուս փոխնախարարը: Արմեն Ղևոնդյանն ընգծեց, չնայած համավարակին, այս տարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ակտիվացել են, թե՛ երկկողմ, թե բազմակողմ հարթակներում:
Արմեն Ղևոնդյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Կայացել են ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 4 հանդիպում, տասնյակից ավելի հեռախոսազրույցներ, 5 հանդիպում արտգործնախարարների մակարդակով և տասնյակից ավելի հեռախոսազրույցներ: 2022-ին ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում՝ այդ թվում պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ:
Արտաքին գործերի նախարարությանը 2022 թվականի համար կհատկացվի 18 մլրդ 653 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 2.26%-ով ավելի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան