Եվրամիությունն ուշադիր հետևում է իրավիճակին, որը վերաբերում է հրատարակիչ, հասարակական գործիչ Օսման Քավալայի խնդրի պատճառով 10 երկրի դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու որոշմանը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, գրում է DW-ն:
Նա նաև ընդգծել է, որ դեռ վաղ է իրավիճակը մեկնաբանել, քանի որ Անկարան դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ներգրավված երկրներին իր որոշման մասին:
Նման կարծիք է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նույնպես վաղ է համարել մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի հայտարարությանը:
«Քանի դեռ չգիտենք, թե ինչպիսին է Թուրքիայի և ներգրավված երկրների միջև շփումների արդյունքը, վաղ է որևէ բան ասելը»,- ասաց նա:
Գերմանական մամուլում հրապարակված հոդվածներում էլ գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։
Հոդվածներից մեկում նշվել է, որ Եվրամիությունը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։
Մեկ ուրիշ լրատվականում առաջարկում են Էրդողանին կարմիր քարտ ցույց տալ, քանի որ նա իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։
Մեկնաբանություններից մեկում էլ առաջարկվում է վերանայել Թուրքիա զենքի արտահանումը:
Օսման Քավալան թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ նախագծերին և կրոնական փոքրամասնություններին։ Կազմակերպությունը հանդես է գալիս թուրք և հայ ժողովուրդների հաշտեցման ու քրդական հարցի խաղաղ լուծման օգտին։
Ակտիվիստի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվել է 2017 թ.: 2020 թվականի փետրվարին դատարանը Քավալային արդարացվեց 2013 թվականին Ստամբուլի Գեզի պուրակում տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով։ Նույն օրը Ստամբուլի դատախազությունը մարդու իրավունքների պաշտպանի ձերբակալության հերթական օրդեր է ներկայացրել: Քավալային մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: