Գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածը, արձանագրված առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ, ընդհանուր առմամբ հարուցվել է ավելի քան 80 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 91 անձի: Նրանցից՝ 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,
3-ին՝ բռնության զուգորդմամբ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար,
6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
6-ին՝ քարոզչական պաստառի ոչնչացմամբ կամ վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,
3-ին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
2-ին՝ ընտրողներին քվեարկությանը մասնակցելուն, ընտրություններին մասնակցող կոնկտեր ուժի օգտին քվերակելուն կամ կոնկրետ ուժի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար, (որոնցից մեկին՝ նաև բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու խոստում տալու համար),
2-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար,
1-ին՝ հանցագործության մասին չհայտնելու համար,
1-ին՝ խարդախության համար:
Մեղադրյալներից 8-ը եղել են պատգամավորի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 5 անձի նկատմամբ:
Ընտրություններին առնչվող քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան: Այդ գործերով անցնում է 46 անձ, որոնցից՝ 35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու համար,
3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,
2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,
2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար:
Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:
Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան