«Քանի օր է՝ ոտքս ցավում է, շատ եմ ուրախացել»,- պատմում է Նարեկն ու անմիջապես ավելացնում. «Հակասական բաներ եմ չէ՞, խոսում. հիմա կասեք՝ մարդն ինչպե՞ս կարող է ցավից ուրախանալ: Գլխուղեղի հրազենային վիրավորում ստանալուց հետո հենց այդ ցավերն են Նարեկի առաջին ազդակները եղել, որ կքայլի, կխոսի, ձեռքը կշարժի: Ցավում է, նշանակում է՝ ուղեղից ազդակներ է ստանում, նշանակում է՝ զգում է ոտքը:
Նարեկ Վարդանյան - Հենց սկսել եմ առաջին պահին սայլակից կանգնել ու քայլել: Ես անընդհատ քայլում էի. պատկերացրեք, բուդիլնիկ էի դնում, առավոտ ժամը 7-ին զարթնում էի, որ կանգնեմ-քայլեմ: Էդ իմ հոգեվիճակը կհասկանա էն մարդը, որ եղել է սայլակին ու սայլակից հետո սկսել է քայլել: Երբ որ դու մտածում ես, որ հեսա՝ վաղը կարող ա հնրավորություն չունենաս քայլելու, որովհտև չես կարող ասել՝ էս կյանքում վաղը քեզ հետ ինչ կլինի, ու տենց անընդհատ քայլում էի, մի րոպե չէի նստում, անգամ հանգստանալու համար չէի նստում ես:
7 ամիս ոտքերին սայլակն է փոխարինել: Պատերազմ էր գնացել կամավոր, որպես դասակի հրամանատար: Չնայած՝ առանց պատերազմին մասնակցելու էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուրցի տղայի կյանքը ծնված օրից էլ պատերազմի հետ է կապված եղել: 91-ին է ծնվել:
Նարեկ Վարդանյան - Ես վաստակել եմ իրավունք՝ էս հողում ապրելու: Եվ ոչ միայն ինձ համար եմ վաստակել, այլ նաև ձեզ համար եմ վաստակել իրավունք՝ էս հողում ապրելու: Մենք էս հողում ապրելու իրավունքը ավելի շատ վաստակել ենք էն մարդկանց արյան գնով, ովքեր էսօր Եռաբլուրում ենք պառկած:
Պատերազմի օրերին իր ապրածի ու տեսածի, կյանքը շարունակող ընկերների, Եռաբլուրում հանգչողների մասին դրվագները Նարեկը չէր կարող մոռանալ: Սկսեց գիրք գրել: Վերնագրել է «Սովորական հայրենիք»:
Նարեկ Վարդանյան - Ինձ համար իրենք մեռած չեն: Ինձ համար իրենք բոլորը ինչ-որ լուսավոր կետեր են, որոնք առաջնորդում են: Հենց էն պահերին, երբ որ ցավերը շատ կլինեն, տրամադրություն չեմ ունենա, ես զգում եմ, որ վերևից ինչ-որ մեկը ինձ ուղղորդում է, ասում է՝ պետք ուժեղ լինես, պետք է առաջ գնաս:
Քիչ դանդաղ, բայց Նարեկի պատմությունն ավարտին է մոտենում: Երբեմն իր ապրածն ու հոգեվիճակները այլ տղաների անուններով է ներկայացնում, բայց շատ են նաև իրական կերպարները: Ենթագիտակցորեն ու գիտակցաբար Նարեկը պատրաստ է նորից գնալ հայրենիքի համար կռվի՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի: Եթե չասի էլ՝ գրքի տարբեր դրվագներ «մատնում» են տղային:
Նարեկ Վարդանյան - Մի դրվագ կա. անցնում է 20-30 տարի, ու մենք էլի նույն տղերքով՝ քաջերիս հետ, էլի գնում ենք պատերազմ, քանի որ մենք բոլորս էլ գիտենք, որ նենց տարածաշրջանում ենք ապրում, որ կարող է էլի պատերազմ լինել, ու էս պատերազմում էլ չենք անում էն սխալները, ինչը որ արել ենք:
Ինչու «Սովորական հայրենիք». որովհետև այնտեղ ապրող սովորական մարդը՝ հասարակ գյուղացին է, ըստ Նարեկի, որ պատրաստ է ցանկացած պահի կյանքը, առողջությունը նվիրել իր հողին:
Նարեկ Վարդանյան - Էս գրադարանում եմ սկսել գիրքս գրել ու կարծում եմ՝ էս գրադարանում էլ կավարտեմ:
Առաջին քայլերն անելուն պես Նարեկը գրախանութ էր գնացել: Նոր գիրք էր ուզում գնել: Երազանք ունի, որ մի օր իր գիրքը, գուցե գրքերը հայտնվեն ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային գրականության բեսթսելլերների շարքում: Եթե կարողացել է ողջ մնալ, ուրեմն պարտք ունի հայրենիքին: