Արյունաբանության կենտրոնում այսօրվանից կգործի Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը: Սա նախատեսված է ուռուցքային և արյան հիվանդություններով տառապող երեխաների համար: Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, աշխարհի զարգացած երկրներում օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը:
Սամվել Դանիելյան (Արյունաբանության կենտրոնի տնօրեն) - Իսկապես, մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև տասնամյակներ այd խնդիրը ծառացած է եղել հայ բժշկի առջև և իր լուծումը չի ստացել:
Կյանքի վերջին օրերն ապրող հիվանդների համար հաճախ տան պայմանները հարմար չեն, որովհետև անհրաժեշտություն է լինում ուժեղ ցավազրկումների, հոգեբանական աջակցության՝ ինչպես հիվանդի, այնպես էլ հարազատների համար: Պալիատիվ կենտրոնի նպատակը կյանքի վերջին օրերն առանց ցավի ու արժանապատիվ պայմաններում կազմակերպելն է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք այս ծառայությունը մինչ այս իրականացրել ենք կա՛մ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ երբ որ նման ծառայության մատուցման կարիք այլևս չի եղել՝ տնային պայմաններում: Իհարկե, մեր ցուցանիշները՝ քաղցկեղով հիվանդ բալիկների առողջացման, բավականին լավ են եվրոպական երկրների հետ համեմատած, բայց լինում են բացառիկ դեպքեր, երբ, ցավոք սրտի, բժիշկները չեն կարողանում կյանքը փրկել:
Արյունաբանության կենտրոնում պալիատիվ բաժանմունքի ստեղծման նախաձեռնությունը «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն է, աջակցել են Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, անհատներ: Բաժանմունքում կա 5 հիվանդասենյակ: Տնօրենը հույս հայտնեց, որ դրանք դատարկ էլ կմնան, բայց ցավով արձանագրեց, որ 2 հիվանդի վաղը տեղափոխելու են այստեղ:
Էսթեր Դեմիրճյան («Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն) - Նաև էստեղ կա ցավի կառավարման խնդիրը: Քանի որ բոլորս հասկանում ենք, որ քաղցկեղ ունեցողներն ունենում են ցավի կառավարման խնդիր: Այս կենտրոնում լինելու է նախ և առաջ ցավի կառավարումը, մյուս կողմից փորձելու ենք տրամադրել հոգևոր հանգստություն, ամոք:
Պալիատիվ խնամքը հենց ամոքիչ խնամքն է, ինչն ըստ Բագրատ Սրբազանի՝ հայ ժողովրդի համար նորություն չէ. այսպիսի կենտրոններ հայերը դեռ դարեր առաջ են ունեցել:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան («Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - 4-րդ դարից արդեն Ներսես Մեծի ջանքերով ներդրված է եղել այս առաքելությունը, արդեն այն ժամանակ օրենքի կարգավիճակով կամ կանոններով պահպանված ու սահմանված այս առաքելությունը տեղի է ունեցել, և սա եկեղեցու նկարագիրն է, էությունն է:
Փոքրիկների ամոքիչ խնամքը արժանապատիվ կազմակերպելու հարցում իրենց լուման ունեն նաև այլ երեխաներ ու երիտասարդներ, որոնց կյանքը փրկել, ցավոք, չի հաջողվել: Միացյալ Նահանգներից Հայկը, որի անունով այս սենյակն անվանակոչվել է, այդպես էլ չի կարողացել հաղթել քաղցկեղին, բայց նրա ծնողները ցանկություն են հայտնել Հայկի անունից նվիրատվություն անել, որպեսզի այլ երեխաներ կարողանան բուժվել: Այս սենյակը Սաթենիկի անունն է կրում: Նրան շատերդ կհիշեք. բժշկական համալսարանի ուսանող էր, 25 տարեկան: Քաղցկեղի մասին իմացել էին 4-րդ փուլում միայն: Մայրը կոկորդում խեղդում է արցունքներն ու մի կերպ մտնում դստեր անունը կրող սենյակ: Ապագա բժիշկը ամեն ինչ հասկացել էր կյանքից հեռանալուց առաջ: Շարունակ մորն է ուժ տվել և խնդրել ճիշտ տնօրինել իր բուժման համար հանգանակված գումարը:
Նունե Սաֆարյան (Սաթենիկի մայրը) - Ամեն օր ասում էր, որ եթե գումար մնա, անպայման կփոխանցեք հիմնադրամին, ու այդպես էլ եղավ: Երբ պատերազմն էր, զգում էի, որ երեխաները դրա կարիքն ունեն, և պատերազմի ամենաթեժ օրերին գումարը փոխանցեվեց հիմնադրամին՝ հույս ունենալով, որ գոնե Սաթենիկին չի օգնել, բայց այս երեխաներին կօգնի:
Ապագա ուռուցքաբանն ու զոհված ազատամարտիկի դուստրը երազում էր կյանքեր փրկել: Կյանքի օրոք դա նրան չհաջղվեց, բայց, այնուամենայնիվ, իր առաքելությունն իրականացրեց: