Մարտի մեկի երևանյան իրադարձությունները միջազգային մամուլի օրակարգում են: Արևմտյան լրատվամիջոցներին հիմնականում հետաքրքրում է Հայաստանում խորհրդարանի նոր ընտրություն անցկացնելու առաջարկը: Եվրոնյուզի ռուսական ալիքը գրում է. Վարչապետը ներողություն խնդրեց իշխանության սխալների համար: Օտարերկրյա մամուլում իրադարձությունների նկարագրությունն է`առանց մեկնաբանության: Գիշեր, փողոց, խռովարար /бунтарь/ և Հայաստան: Ռուսական Կոմերսանտում հայկական իրադարձությունների մասին հոդվածի վերնագիրն է: Հեղինակները շարունակում են. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կարող է լինել իշխանություն և հեղափոխական միաժամանակ:
Կոմերսանտը գրում է.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկին հաղթեց ընդդիմության հետ դիմադրությունում: Նրա հրավիրած երեկոյան հանրահավաքը քաղաքում շարունակվեց գիշերային երթով, որն առաջնորդում էր հենց վարչապետը: Այդ օրը կառավարության ղեկավարն ընդդիմությանը ցույց տվեց, որ կարող է լինել իշխանություն և միաժամանակ լրիվ հեղափոխական պայքար մղել մրցակիցների դեմ: Փաշինյանը հաջողեց անել անհնարինը քաղաքականության մեջ: Իշխանությանն ամբողջովին տիրապետելով, նա, երբ պետք է, ակնթաթորեն մտնում է հեղափոխականի դերի մեջ: Եվ այդ կախարդանքն աշխատում է»:
Որպես ապացույց՝ հոդվածի հեղինակները նշում են նրա հազարավոր աջակիցների առկայությունը Հանրապետության հրապարակում, այնուհետև պատմում գրեթե նույն ժամին «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցների երթի մասին: Հոդվածագիրը մարտի մեկի հանրահավաքն ու վարչապետի ելույթին հանրության արձագանքը նմանեցնում է 2018-ի «թավշյա հեղափոխությանը»: Եթե Նիկոլ Փաշինյանը խաղար կինոյում, նա Օսկարի կհավակներ,- գրում է Կոմերսանտն ու նշում. «Եթե չիմանայինք, որ բեմում կանգնած մարդն արդեն երեք տարի վարչապետ է, կարելի էր կարծել, թե այդ հռետորն ընդդիմադիր առաջնորդ է, որը ժողովրդին պատրաստում է ռեժիմի դեմ պայքարի»:
«Այդ օրը մարդիկ անհրաժեշտ էին պարոն Փաշինյանին: Գրեթե միաժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» խորհրդարանի մոտ իր հանրահավաքն էր անցկացնում: Իսկ Նիկոլ Փաշինյանին կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը: Դա ստացվեց: Հանրապետության հրապարակի բազմությունն ավելի տպավորիչ էր, քան հակառավարական ցույցը:
Ռուսական Իզվեստիան էլ գրում է. Վարչապետի Լիգան. Երևանում գրեթե բախվում էին երկու ցույցերը: Թերթն ընդգծու է, որ բախումից հնարավոր եղավ խուսափել միայն ոստիկանական պատի շնորհիվ, որ բաժանում էր իրարից մոտ 500 մետր հեռու գտնվող մարդկանց:
Մարտի մեկի իրադարձությունների ուշագրավ հատվածը մի շարք լրատվամիջոցների համար կառավարության շենքի վրա ընդդիմադիր ցուցարարների հարձակումն էր: Այդ վերնագրով էին Եվրոնյուզի, Ալ Ջազիրայի, ԲիԲիՍի-ի հոդվածները: Դոյչե Վելեն մեկ օրում տարբեր հանրահավաքների անցկացումը եռման կետ որակեց: Գերմանական լրատվամիջոցը գրում է. վարչապետը պատրաստ է արտահերթ ընտրության: