• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:15
Մինչև 1.2 մլն դրամ ծածկույթ. քաղցկեղի բուժումը ընդլայնվել է Մինչև 1.2 մլն դրամ... 19:53
Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:1116 Դեկ, 2020

Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ. Արայիկ Հարությունյան

«Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ»,- տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման:

Նախևառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի և նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաև Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձևով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչև սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչև խոր թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:

Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և քրտնաջան, հետևողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք և ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների:

Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին: Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում:

Արտաքին քաղաքականություն. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝

• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:

• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991 թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:

Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:

• Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:

• Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է:

• Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով:

Հումանիտար և սոցիալական ոլորտ. Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն: Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.

• Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.

• Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.

• Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.

• Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.

• Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.

• Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.

• ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.

• Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.

• Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.

• Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.

• Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.

• Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:

Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն:

Ներքին քաղաքականություն. Ծանր կորուստներով պատերազմն ինքնին պետական ու քաղաքական համակարգերի համար ճգնաժամի մեծ աղբյուր է: Մյուս կողմից, պատերազմական ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ցանկացած պետության անհրաժեշտ է ներքին կայունություն ու միասնական աշխատանք, այլապես ճգնաժամերը կարող են երկար տևել ու խորանալ: Ինձ համար, բնականաբար, ընկալելի են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար և հաշվետու՝ ժողովրդի առջև: Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից:

Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով...

Այնուամենայնիվ, անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին:

• Նախ՝ արդյոք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պե՞տք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար:

• Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար:

• Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը:

• Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ:

Այժմ, գալով իմ որոշումներին ու ապագա անելիքներին, կուզեի շեշտադրել հետևյալ կետերը՝

• Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, և տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով: Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում:

• Թեև Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը:

• Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ:

• Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:

• Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ:

• Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ:

• Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ:

• Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:

Պետական կառավարում: Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:

Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը:

Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ

Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, և մենք միանշանակ հաջողելու ենք:

Ամրություն, անվտանգություն ու հարատևում Հայոց Սուրբ Հայրենիքին»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում:

 

Դիտումների քանակ1772
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսանկարահանվի 01:0323 Հնս, 2026
  • Արջերը՝ ամենօրյա հյուր. շատինցիները փորձում են նրանց հետ լեզու գտնել 00:4823 Հնս, 2026
  • «Բնավորություն է, մարդկանց օգնելով հաճույք եմ զգում». Հակոբ պապը ամեն օր փողոցներն է մաքրում 00:2923 Հնս, 2026
  • ՀԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 23:5822 Հնս, 2026
  • Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին 23:4222 Հնս, 2026
  • Եվրոպայում սաստիկ շոգ է. կան զոհեր 23:2622 Հնս, 2026
  • Իրանի հետ շատ լավ հիմք դրեցինք վերջնական գործարքի համար. ԱՄՆ փոխնախագահ 23:1122 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:0022 Հնս, 2026
  • Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 22:4422 Հնս, 2026
  • Յունիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3322 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 22:1522 Հնս, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0622 Հնս, 2026
  • Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով 21:5722 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» արձանի հեղինակի զարմուհին ուրախ է, որ գործը վերջապես կգտնի իր մշտական հասցեն 21:4822 Հնս, 2026
  • Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը 21:3322 Հնս, 2026
  • Բուժաշխատողի օրը նշել են Գավառում 21:1522 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի. նախագիծ 21:0022 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 20:5422 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին 20:5122 Հնս, 2026
  • Մեր երկրի մասին լսել էին, հիմա բացահայտում են, որ պատմեն ընթերցողներին. իտալացի լրագրողները՝ ՀՀ-ում 20:3622 Հնս, 2026
  • Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին 20:2422 Հնս, 2026
  • Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա 20:2322 Հնս, 2026
  • Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում 20:1522 Հնս, 2026
  • «Քոչարյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել». փորձագետը հեղափոխության հնարավորություն չի տեսնում 20:0122 Հնս, 2026
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց 13:2122 Հնս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 13:1922 Հնս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ 13:1122 Հնս, 2026
  • Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի 13:0822 Հնս, 2026
  • ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը 13:0522 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ըշտը մերն էլ մե 20 կուդա». ընտրակաշառքի գործով հերթական գաղտնալսումը | 22.06.2026 13:0022 Հնս, 2026
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր» 12:3822 Հնս, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր 12:2122 Հնս, 2026
  • Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան 12:0722 Հնս, 2026
  • Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր 12:0222 Հնս, 2026
  • Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել 11:5222 Հնս, 2026
  • Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը 11:4822 Հնս, 2026
  • «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 11:3922 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015