Երբ ասում ենք պիցցա, պատկերացնում ենք Իտալիա, դե իսկ լավագույն պիցցան պետք է պատրաստված լինի իտալացու կողմից։ Սակայն Բրյուսելում Սարգիս Խաչատուրյանը կոտրել է այդ կարծրատիպը։ Հենց իտալացիները խորհուրդ են տալիս ամենալավ պիցցան համտեսել «Պիցցա Սաքոյում»։
Թալինից` Բելգիա․ տասնչորս տարի առաջ Միլքամփ պողոտայի գողտրիկ անկյուն հասավ բելգիացիների սիրելի դարձած պիցցայի համը․
Սարգիս Խաչատուրյան, «Պիցցա Սաքոյի» հիմնադիր - Թալինից եմ, 90-ականներին՝ Սովետի փլուզումից հետո, շատ հայ ընտանիքների նման մենք էլ աշխատանք փնտրելու մտադրությամբ տեղափոխվեցինք Բելգիա։ Մի քանի այլ բիզնեսներ փորձելուց հետո, ի վերջո, պիցցերիայի գաղափարը եղավ, բացեցինք և ստացվեց։ Ապրելամիջոց է, բայց երբ գոհ են մնում` դա անփոխարինելի հաճույք է։
Պատրաստելիս էլ անկեղծանում է՝ իտալացի աշխատակցին է սովորեցրել բոլոր գաղտնիքները, որ էլ չասեն, թե ամենալավ պիցցան իտալացունն է։ Հաճույքով է պատրաստում նաև հատուկ «Լուրերի» տեսախցիկի համար: Իսկ լավ պատրաստելու գաղտնիքը թարմ մթերքից բացի էկո-ալյուրն է:
Հայկական այս հասցեում տարբերվում է ամեն ինչը․ ոչ միայն ալյուրն է էկո, այլև տուփերն ու, կարելի է ասել, նույնիսկ՝ կրակը։
Սարգիս Խաչատուրյան, «Պիցցա Սաքոյի» հիմնադիր - Սա դուբի թափոններն է պրես արված, ավելի թանկ է, բայց ես սա եմ գնում, որ բնությանն ավելի վնաս չտանք ծառ կտրելով։
Սեղաններին նաև հայկական գինիներ են, բայց համտեսելու համար հաճախ ազատ տեղեր չեն լինում։ Մարդիկ շտապում են հասնել այստեղ, որովհետև բացառիկ պիցցերիա է՝ առաքում չկա։ Սարգիսն այսպես կարողացել է հայտնվել Բելգիայի լավագույն ռեստորանների քսանյակում, բայց համեստ է, ասում է՝ քչով չբավարարվողը` շատով էլ չի բավարարվ:
Նրան օգնում են կինը, քրոջ որդին, նույնիսկ՝ տղան։ Ութ հոգանոց թիմում հիմա բոլորը հայեր են, իրար հետ խոսելու բանալի բառն էլ՝ «խնդրում եմ»-ը։