Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին մի շարք ամերիկյան դեսպանատներ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «փակ է լինելու մինչև հատուկ կարգադրություն»։ Հաղորդագրությունում նշվում է, որ չեղարկվել են բոլոր հերթական և արտակարգ հյուպատոսական ընդունելությունները, իսկ աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ-ը փակել էր նաև Քուվեյթում և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գտնվող իր դեսպանատները։
Նախօրեին ԱՄՆ-ն տարհանել էր նաև Հորդանանում իր դեսպանատունը՝ հարակից տարածքներում պայթյունների ձայներ լսվելուց հետո։ Միաժամանակ Օմանում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվել է այցելել Դուկմ քաղաքն ու դրա մերձակայքը, ինչպես նաև Սալալա քաղաքից 100 կմ շառավղով տարածքը։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից նախօրեին հայտնել էին, որ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: