«Առաջինը լինելը հեշտ չէ, բայց պատվաբեր է»,- անցումային անհատական լիցենզիա ստանալու համար բոլոր փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Միշտ եք հիշելու, որ դուք առաջինն էիք, ովքեր վաստակել ու ստացել են իրավական ամուր հիմք` զբաղվելու մասնագիտական գործունեությամբ:
Վստահ եմ, որ մեր երկրում ունենալու եք գնահատված աշխատանք ու ձեր գիտելիքները ներդնելու եք ի շահ մեր երկրի»,- շարունակելով կլինիկական օրդինատորների հետ հանդիպումը` նախարարը նշել է, որ անցումային անահատական լիցենզիավորման համակարգի ներդրումը օրախնդիր էր դարձել հատկապես` մեր երկրից դուրս մեր մասնագետների ճանաչելիության տեսանկյունից:
Օրենսդրական փոփոխությունն արված է, համակարգն ամբողջովին ներդրված:
Այսուհետև լիցենզավորված օրդինատորները մասնագիտական գործունեություն (սահմանափակումներով) կարող են ծավալել` չունենալով որևէ խնդիր իրավական դաշտում:
Սրանով նաև ամբողջանում է կրթական ցիկլ-մասնագիտական գործունեություն շղթան:
Նախարարը նաև խոսել է ռեզիդենտուրայի ծրագրի, ինչպես նաև նեղ մասնագիտացումների հստակեցման ուղղությամբ անհրաժեշտ և արդեն տարվող աշխատանքների մասին:
Առողջապահական համակարգի ամենատարբեր թեմաների վերաբերյալ օրդինատորների բարձրացրած հարցերին պատասխանել են նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյան ու ԱՆ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը:
Հանդիպման վերջում նախարարն անձամբ է լիցենզիաները հանձնել կլինիկական օրդինատորներին: