Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը բիզնես նախաճաշ ձևաչափով հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողություններ արձանագրած գործարար կանանց հետ, որոնք իրենց գաղափարներով, համարձակ նախաձեռնություններով և աշխատասիրությամբ ոչ միայն զարգացնում են սեփական բիզնեսը, այլև ստեղծում են արժեք, աշխատատեղեր և նոր հնարավորություններ մեր երկրի համար։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահը նշել է, որ կանանց դերը տնտեսությունում շարունակաբար ընդլայնվում է, և դա Հայաստանի տնտեսական առաջընթացի կարևոր շարժիչ ուժերից մեկն է։
Կանայք իրենց ստեղծած գործում ներդնում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու կառավարման հմտությունները, այլև մայրական հոգատարությունը, պատասխանատվությունը և երկարաժամկետ արժեք ստեղծելու հատուկ մոտեցումը, որն առավել բնորոշ է գեղեցիկ սեռին։ «Կանայք շատ հաճախ մեզ զարմացնում են իրենց ստեղծագործական մտածողությամբ և լուծումներ գտնելու դրական մոտեցմամբ, ինչը նկատելի է նաև Պետական եկամուտների կոմիտեում, որտեղ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
Հանդիպմանը բաց և կառուցողական քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնես միջավայրի զարգացման առաջնահերթություններին, հարկ վճարելու մշակույթի տարածման կարևորությանը, վարչարարության բարելավման ընթացիկ նախաձեռնություններին, ինչպես նաև պետություն–բիզնես համագործակցության ամրապնդման նոր հնարավորություններին, որոնք բխում են Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունից և տեսլականից։
«Սիրելի՛ կանայք, դուք ձեր ներկայությամբ լույս եք բերում, հույս եք բերում և ուժ ու էներգիա փոխանցում շրջապատին»,- հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել գործարար կանանց անկեղծ զրույցի, կառուցողական մոտեցման և այն վստահության համար, որն օգնում է միասին կառուցել ավելի ուժեղ, մրցունակ և դիմակայուն տնտեսություն։