Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատերազմի թեժ փուլը կանգնեցնելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնբասից: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան դրա համար վերջնաժամկետ չի ներկայացրել Ուկրաինային:
Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինային՝ Դոնբասից հետ քաշվելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմն էլ պատրաստ են ճնշում գործադրել Կիևի վրա՝ գնալու տարածքային զիջումների։ Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է այդ պնդումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ այն համոզմանն է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամենակարճ ճանապարհը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից Ուկրաինա ռազմական մատակարարումների դադարեցումն է։