ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն է սկսվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ՝ խուզարկության կատարման կարգի և վարքագծի կանոնների խախտման առթիվ․ վերջինս հրավիրվել է բացատրություն տալու, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարակման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: