Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Պարսից ծոցում ռազմաքաղաքական լարվածությունը: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են, որ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։ Նախագահները կոչ են արել գնալ փոխզիջումների: Անդրադարձ է եղել Ուկրաինային: Պուտինը շնորհակալություն է հայտնել Անկարային Մոսկվա-Կիև բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության համար: Ընդգծվել է Սև ծովում անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ Քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ ոլորտներում կապերի ընդլայնման միջոցառումները։
Հեռախոսով զրուցել են նաև Իրանի և Ադրբեջանի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ Իսլամական Հանրապետությանը տրամադրած հումանիտար աջակցության համար: Ալիևը տեղեկացրել է, որ շուտով օգնության ևս մեկ խմբաքանակ կուղարկեն Իրան: Փեզեշքիանը և Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության կարևորությունը: