ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է ամբողջությամբ խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ, այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվեց թույլատրել իր ռազմաբազաների օգտագործումը Իրանի դեմ հարվածների համար։
Մերձավոր Արևելքի պատերազմում եվրոպական երկրների ներգրավվածությունը քննարկելիս Թրամփը նշել է, որ դրանցից մի քանիսը «հիանալի» էին և օգնում էին Միացյալ Նահանգներին, իսկ մյուսները՝ «սարսափելի»։
Թրամփը նաև հիշեցրել է, որ Մադրիդը հրաժարվել է ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։
«Նրանք ՆԱՏՕ-ի միակ երկիրն էին, որը չէր համաձայնի ծախսերը հասցնել 5%-ի։ Ես չեմ կարծում, որ նրանք կհամաձայնեին դրանք որևէ մակարդակի բարձրացնել։ Նրանք ցանկանում էին պահպանել դրանք 2%-ի վրա, և նրանք նույնիսկ չեն վճարում 2%»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
«Ահա թե ինչու մենք դադարեցնելու ենք Իսպանիայի հետ ողջ առևտուրը։ Մենք չենք ուզում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ», - ասել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով, որ ինքը նաև «դժգոհ է Մեծ Բրիտանիայից», որը նույնպես չի համագործակցել Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարվածների հարցում։
Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն դեռ կարող է օգտագործել իսպանական բազաները, «եթե ցանկանա»։
Իսպանիայի կառավարությունն իր հերթին կոչ է արել Միացյալ Նահանգներին պահպանել միջազգային իրավունքը և Եվրամիության հետ կնքված երկկողմ առևտրային համաձայնագրերը՝ նշելով, որ Իսպանիան ունի անհրաժեշտ ռեսուրս՝ ԱՄՆ առևտրային էմբարգոյի հնարավոր ազդեցությունը մեղմելու համար: