Մեզ համար ամենաանհանգստացնող հարցն այն է, որ TRIPP-ի մասով Ադրբեջանի տեսակետը և մոտեցումը TRIPP-ով՝ Նախիջևանով, Թուրքիայի Կարս-Դիլիջու երկաթուղով Կարսի հետ կապվելն է և Հայաստանը կիսամեկուսացած վիճակում թողնելը, երբ արդեն նույն Գյումրի-Երասխ երկաթուղին չօգտագործվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Սամվել Մելիքսեթյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպման քննարկումներին:
«Տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, երկու ուղիների օգտագործմանն էլ դեմ չէ, բայց ես կասեի, որ այստեղ շատ մրցակցային մոտեցում ունի, և առաջնահերթությունը տալու է հենց իր նախագծերին: Մյուս կողմից դեմ չէ նաև Հայաստանի տարածքով տարբեր կոմունիկացիաների բացմանը, նաև՝ Վրաստանի տարածքով, այսինքն՝ ավելի կոմպլեքսային մոտեցումների կողմնակից է: Կարծում եմ, և բազմիցս նշել են, որ այստեղ արդեն հայկական կողմից է կախված, այն աշխատանքներից, որ մենք կիրականացնենք մեր տարածքում, թե ինչպիսի տեսք են ունենալու այդ կումունիկացիաները:
Մենք առաջարկել ենք տարբեր լուծումներ այս գործընթացի շրջանակներում, օրինակ՝ արդեն իսկ բացել երկաթուղային կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, որպեսզի ադրբեջանական կողմը վերականգնի Նախիջևանի երկաթուղու հատվածը, և մենք չսպասենք հավելյալ երկու-երեք տարի, մինչև Մեղրիի հատվածն ավարտվի, և իրենք ևս մի երկու-երեք տարի վերականգնեն այդ հատվածը: Այսինքն՝ եթե զուգահեռ սկսենք այդ գործընթացները, ավելի արագ կունենանք աշխատող կոմունիկացիաներ, և դա մեզ նաև շանս կտա, հնարավորություն կտա՝ օգտագործելու Գյումրի-Երասխ հատվածը:
Նաև Ղազախ-Իջևան հատվածում ուղիղ կապի մասին ենք խոսել, և կարծում եմ՝ հաջորդ քայլը երկկողմ տնտեսական հարաբերությունների շրջանակներում շատ կարևոր է, որ սկզբից ունենանք ավտոմոբիլային, հետո նաև՝ երկաթուղային կապ հենց այդ հատվածում, և այս մասով կան տարբեր պրակտիվ առաջարկներ, լուծումներ»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ Սամվել Մելիքսեթյանը երկխոսության ընտրված ձևաչափն օգտակար համարեց, քանի որ հակառակ կողմին ավելի լավ հասկանալու, դրա հիման վրա սեփական քայլերը, ակնկալիքները ձևավորելու ու ավելի իրատեսական հողի վրա կանգնելու հնարավորություն է ստեղծվում՝ միաժամանակ հասկանալով, որ, ինչպես Մելիքսեթյանն է եզրակացնում, հակառակ կողմը բավականին դանդաղաշարժ է լինելու և ցանկացած նոր քայլ անելու է ընդմիջումներով:
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13–14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։