Մայիսի 22-ին ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է վարչության պետ Արարատ Թևոսյանը։
Մասնակցել են ՆԳ նախարարի խորհրդական Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության և պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել կադրային համալրման, մասնագիտական պատրաստվածության և որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկվել է նաև քննություններն արտագնա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը, ինչը մարզերի դիմորդների համար գործընթացը կդարձնի առավել հասանելի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով համատեղ մշակել նախագիծ։