Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
«Նպատակը թանգարանային ոլորտի աշխատակիցների համար մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրումն է ատեստավորման եղանակով, և այդ իմաստով այսօրվա նախագծով Կառավարությունը նաև կհատկացնի անհրաժեշտ միջոցները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ոլորտում վարձատրության մակարդակը առաջացնում է համակարգային խնդիրներ՝ երիտասարդ կադրերի ներգրավման ցածր հետաքրքրվածություն, մասնագիտական աճի և վերապատրաստման սահմանափակում, ինչպես նաև թանգարանային կառավարման և պահպանության որակի անկման ռիսկ:
Հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը, որ մենք տարբեր ոլորտներում ներդնում ենք մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, մեր առաջարկն է, նաև Կառավարության ընդունած որոշումների տրամաբանությունն է, ատեստավորման համակարգը ներդնել նաև թանգարանային ոլորտում: Ըստ այդմ՝ մշակվել է, հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով և արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է: Այժմ նաև հատկացնելով անհրաժեշտ միջոցները՝ մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որն իրենից կներկայացնի բանավոր և գրավոր թեստավորման փուլերի համակցություն: Հուլիսից սկսած՝ արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ: Ասեմ, որ միջինում նախատեսում ենք վարձատրության համակարգի 57 տոկոս աճ:
Պետք է ասեմ, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան, և արդյունքում՝ միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200 հազար դրամի: Մենք նաև այս համակարգը փորձել ենք ձևավորել այնպես, որ թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի կդառնա նաև ատեստավորման հաղթահարման պարագայում առողջության ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ երաշխիքներ կընձեռի այս ոլորտի աշխատակիցների համար: Այս պահին վերաբաշխման անհրաժեշտությունը կազմում է 151.8 մլն դրամ, որն էլ այս նախագծով առաջարկվող վերաբաշխման չափն է»,- նշեց նախարարը:
«Հաջորդիվ մեր պլաններում է նաև գրադարանային համակարգում նման մեխանիզմների ներդրումը»,- ասաց նա: