Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։
2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։
Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել, կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։