ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ընթացիկ փուլին, կենսաչափական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում թվայնացման գործընթացին։
Անդրադառնալով կրթական բաղադրիչին ՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր՝ միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մեթոդաբանությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ այդ գործընթացում ուսումնական ծրագրերի մշակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ Հայաստանը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ էստոնական փորձագիտական աջակցության ներգրավմամբ։
Դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը վերահաստատել է Էստոնիայի պատրաստակամությունը՝ շարունակելու գործուն աջակցությունը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում իրականացվող բարեփոխումներին։
Կարևորելով փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը և թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։