Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ հանդես են եկել հերթական հայտարարությամբ՝ եկեղեցու ներկայիս գործադիր իշխանության մարմնի 2025 թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
«Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն Հոգևոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն Հոգևոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։
Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի (այսուհետ՝ ԵՆԺ) կողմից։
Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվի ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր ԵՆ ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություն:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայությունն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կանոնախախտ գործունեության, որը հանգեցրել է Մար Աթոռի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։
Վերստին հիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները, և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության և Առաքելության վրա։
Հաշվի առնելով ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրությունների կոպիտ և կամայական խախտումները, այս մարմինների գործունեության լիազորությունների չարաշահումները, պարզ է դառնում, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը»,- ասվում է հայտարարության մեջ: