Հունգարիան, որը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման գործընթացի վերաբերյալ տարեկան հայտարարությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը չի աջակցել Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ջանքերի դրական գնահատականին՝ Բրյուսելում կայացած խորհրդակցությունների ժամանակ հայտնել է Դանիան, որը ներկայումս ԵՄ-ի նախագահն է:
Ըստ Դանիայի Եվրոպայի հարցերով նախարար Մարի Բյերեի՝ ԵՄ անդամ 26 պետություն հաստատել է, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցել Բրյուսելի պահանջները կատարելու հարցում:
Հունգարիայի վետոն նշանակում է, որ Ուկրաինան դեռևս չի կարող ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել: Այնուամենայնիվ, Ուկրաինայի անդամակցության պայմանների վերաբերյալ ոչ պաշտոնական խորհրդակցություններն արդեն ընթացքի մեջ են՝ նշել է Բյերեն:
Ուկրաինայից բացի, ընդլայնման գործընթացի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը ներառում էր նաև Բալկանյան վեց երկրի, ինչպես նաև Թուրքիայի, Մոլդովայի և Վրաստանի առաջընթացի գնահատականը:
Եվրահանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն՝ ԵՄ անդամակցության գործընթացում մեծ առաջընթաց է արձանագրել Չեռնոգորիան: Ակնկալվում է, որ բարեփոխումների ներկայիս տեմպը պահպանելու դեպքում այդ երկիրը անդամակցության բանակցությունները կավարտի մինչև 2026 թվականի վերջը: