Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ «Յոլյան» արյունաբանության կենտրոնում ամփոփվել է անվարձահատույց դոնորության արշավը: Տարեվերջյան ամփոփմանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեկ դոնորը երեք հոգու կյանք է փրկում: Մեր նպատակն է մշակույթ փոխել, որ յուրաքանչյուրն ուղենիշ վերցնի` տարին առնվազն մեկ անգամ արյուն հանձնելու, համալրելու մեր երկրի արյան պաշարները: Ճիշտ է, արյունատվությունն այժմ ավելացել է, սակայն արյան կարիք միշտ կա: Ուստի պետք է այս ծառայությունն ընդգրկենք բուժհաստատությունների ընդհանուր ծառայությունների մեջ»,- նշել է նախարարը:
2025 թվականի ընթացքում արյան ծառայությունը իրականացրել է 14000 արյունատվություն, որից 4600-ը՝ ՀՀ մարզերում, «Յոլյան» կենտրոնի արյան ծառայության մարզային բաժանմունքներում։
Արյունատվության էստաֆետի շրջանակում մասնակցել է 19 բուժհաստատություն Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։
Կարևորելով մարդասիրական և կյանքեր փրկող այս նախաձեռնությունը` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և առաջարկել 2026 թվականին էստաֆետը հանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառույցներին:
«Մեզանից յուրաքանչյուրի արյունատվությունը կարևոր է։
Դարձե՛ք դոնոր, փրկե՛ք կյանքեր»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: