Կառավարության՝ դեկտմբերի 18-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերի կատարմանն ուղղված՝ 12,045,690.6 հազար դրամ համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր:
«Աննախադեպ մեծ ծավալի ցանկ ունենք այսօր: Մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալով համաֆինանսավորում ենք անելու»,- ասաց նախարարը:
Ըստ Խուդաթյանի՝ այս համաֆինանսավորման արդյունքում կստացվի, որ 2025 թվականի ընթացքում պետբյուջեից ընդհանուր առմամբ 33 մլրդ 635 մլն դրամի համաֆինանսավորում արված կլինի, որը տարեսկզբի բյուջետավորման համեմատությամբ ավելի քան 200 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից՝ ավելի քան 2 մլրդ դրամով ավելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ թվարկեց կատարված և կատարվելիք աշխատանքները՝ ըստ համայնքների և հասցեների, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով: Տարբեր համայնքներում իրականացված այդ ծրագրերն են՝ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում, ջրագծի ցանցի կառուցում, ոռոգման ջրատարների, ջրագծերի կառուցում, խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում, փողոցների ջրագծերի փոխարինում, ստորգետնյա ջրագծի կառուցում, սելավատարի կառուցում, մանկապարտեզի վերակառուցում, կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում, մանկապարտեզների տարածքների բարեկարգում, գազատարի կառուցում, գազամատակարարման ներքին ցանցի կառուցում, փողոցների ծածկի հիմնանորոգում, ասֆալտապատում, ճանապարհի սալարկում, ճանապարհների մայթեզրերի սալարկում, փողոցների՝ տուֆ քարով սալարկում, կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, ջրամատակարարման ու ջրահեռացման մաքրման կայանի կառուցում, խորքային հորի հիմնանորոգում, շենքերի տանիքների վերանորոգում, պաշտպանիչ պատերի, հենապատերի կառուցում, ավտոկայանատեղիների կառուցում, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, անցուղիների կառուցում, լուսավորության համակարգի կառուցում, կոյուղագծերի կառուցում և այլ աշխատանքներ:
Թվարկելուց հետո վարչապետն արձագանքեց. «Աներևակայելի թվեր են, որ ներդրվում են, հետո էլ ասում ենք՝ մեր տնտեսության զարգացումը որտեղից: Այստեղից: Ո՞ւմ պետք է շնորհակալություն հայտնենք: Առաջին հերթին՝ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող, և մի բան էլ ենք ավելացրել՝ ՀԴՄ կտրոն տրամադրող և ՀԴՄ կտրոն պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է նաև շնորհակալություն հայտնենք, մանավանդ, որ մոռացողների թիվն ահագին շատ է»: