Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքն ուղղելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին, որը ներկայացնում էր պետբյուջեի հավաքագրումների մասով երկնիշ աճերի մասին թվերը, ասաց՝ վատ լուր ունի ՊԵԿ նախագահի համար, ապա պատմեց, որ վարչապետի աշխատակազմից Երևանում գնումներ են արել, և նրանց ասել են, որ եթե կանխիկով վճարեն, այլ գին է, իսկ եթե քարտով վճարեն՝ այլ:
«Կանխիկի հարցը պիտի լուծենք, ինչների՞ս է պետք կանխիկ փողը: Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով, կաշա՞ռք են տալիս, ստվերային առևտո՞ւր են անում, ի՞նչ պոզիտիվ բան կա, որ չեն կարող անել անկանխիկ փողով: Ծնունդի նվեր տալ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով փոխանցում ես»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների միջադեպին՝ Փաշինյանն արձանագրեց. «Ի՞նչ է նշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա, առևտուր անի, ասի՝ դե գիտե՞ս, ընկե՛ր ջան, այսպես է մեզ մոտ: Եթե այդպես է, փակե՛ք այդ խանութը: Ձևը գտեք, փակե՛ք այդ խանութը: Այդ խանութում առևտուր պետք է չլինի: Ինձ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը: Ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի: Կզեկուցե՛ք անձամբ: Քանի սենց խանութի տեղ իմացա (ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա), փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու: Մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի՛ լինելու»:
Անդրադառնալով բջջային հեռախոսների ներկրման հետ կապված խնդիրներին՝ Փաշինյանն ընդգծեց. «Չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն՝ բացառությամբ ոնց պայմանավորվել ենք. ամեն քաղաքացի տարեկան կարող է 1 հեռախոս կամ 2 հեռախոս մտցնել, որ չստացվի՝ մեկը իր համար է բերում, մյուսը՝ ընտանիքի: Բայց սա մենք պետք է կարողանանք վերստուգել»:
Փաշինյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին, մեջ բերեց այս թեմայով քննադատությունները, ու այս համատեքստում պատասխանեց. «Ասում են՝ ի՞նչ են անում, ասֆալտ են անում, էլի, որովհետև, իրենց պատկերացմամբ, պետք է մեր գյուղացին ցեխի մեջ ապրի՝ ռեզինե սապոգները ծնկից վերև հագած տնից դուրս գալու համար»: