Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2025 թվականը կարևոր էր զինված ուժերի մի շարք նպատակների կյանքի կոչման հարցում: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առաջնագծի երկայնքով ռազմավարական նախաձեռնությունը ռուսական կողմում է: Նա պնդել է, որ այս տարի Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել ուկրաինական ավելի քան 300 բնակավայր։ «Կարող ենք մեծացնել մեր հարձակողական գործողությունների տեմպերը ռազմավարական կարևոր ուղղություններում», - շեշտել է Կրեմլի ղեկավարը:
Նա հիշեցրել է «Բուրևեստնիկ» և «Պոսեյդոն» համակարգերի հաջող փորձարկումների մասին՝ նշելով, որ դրանք կշարունակեն կատարելագործվել, իսկ «Օրեշնիկ» համակարգը մարտական պատրաստության կբերվի տարեվերջին։ Պուտինը նաև նախազգուշացրել է՝ եթե Կիևը հրաժարվի տարածքների հարցով կառուցողական քննարկումներից, այդ խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով: «Հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն։ Իսկ Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են և անհեթեթ»,- հավելել է Դաշնության նախագահը:
Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն էլ հայտարարել է, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի քաղաքականությունն իրական նախադրյալներ է ստեղծում 2026 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար: Նա նաև կարծիք է հայտնել, թե ՆԱՏՕ-ն նախատեսում է մինչև 2030 թվականը պատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Բելոուսովի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ ռուսական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմավարական միջուկային ուժերի զարգացմանը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան