Եվրամիության Արևելյան թևի պաշտպանությունը պետք է դառնա ԵՄ-ի անհետաձգելի առաջնահերթությունը Ռուսաստանից բխող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանին սահմանակից ԵՄ անդամ ութ երկրի քաղաքական առաջնորդները՝ Հելսինկիում կայացած գագաթնաժողովում։
«Ռուսաստանը ներկայացնում է մեր անվտանգության, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության երկարաժամկետ սպառնալիքը»,- ասվում է հանդիպումից հետո Ֆինլանդիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի նախաձեռնությամբ անցկացված գագաթնաժողովին Օրպոյից բացի մասնակցել են նաև Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի ղեկավարները։
Նրանք նշել են, որ «Ռուսաստանից եկող ավանդական սպառնալիքից բացի, ակտիվանում են բարդ հիբրիդային գործողություններն ու դիվերսիաները, որոնք Մոսկվան իրականացնում է Եվրոպայի դեմ»։ «Մեր հասարակությունները անկայունացնելու փորձերը պետք է դիտարկվեն որպես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմի մի մաս»,- նշվում է փաստաթղթում։
Հելսինկիի գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են Բալթյան երկրների և Լեհաստանի ջանքերը՝ սահմաններն ամրապնդելու այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են Բալթյան պաշտպանության գիծը և Արևելյան վահանը: